«Փաստինֆո». «Մանախ»-ի նկատմամբ գրավ կիրառվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի նկատմամբ գրավ է կիրառել: Այս տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Ա.Այվազյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ որպես գրավի գումար սահմանվել է մեկ մլն դրամը:
Աղբյուրը նշում է, որ որոշումը կայացվել է Ա.Այվազյանի կալանավորման ժամկետը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հ.Ալումյանի բողոքի հիման վրա:
Արթուր Այվազյանը մեղադրվում է «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որ կատարվել է բռնություն գործադրելու սպառնալիքով և Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, կրելը:
Մեղադրանքը Ա.Այվազյանը չի ընդունում: Ավելին, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր մեղադրյալի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, միջադեպից իրական տուժողը Արթուր Այվազյանն է, «իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի և չի եղել»: