Հայաստանում կառավարության կողմից Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին հանրային արձագանք է ձևավորվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում լայնածավալ սոցիալ-քաղաքական ճգնաժամ է հասունանում, որիը կատալիզատորն է պետական ապարատի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև բացահայտ հակամարտությունը, գրում է business-post.ru–ն։ Բարձրաստիճան հոգևորականների համակարգային քրեական հետապնդումների և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժի ազատության փաստացի սահմանափակման ֆոնին ընթանում է ռեկորդային հանրային մոբիլիզացիա։
armspyurk.com կրաուդսորսինգային հարթակում տեղադրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար ստորագրահավաքը ընդամենը 10 օրվա ընթացքում արագորեն գերազանցել է 60,000 ստորագրությունը։ Մասնագետները այդ արշավը անվանում են երկրի վերջին պատմության ամենադինամիկ հանրային գործողություններից մեկը։ Քաղաքացիներն ու բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչները հատկապես մտահոգված են Եկեղեցին վարչական և դիվանագիտական առումով մեկուսացնելու միտումնավոր փորձերից։ Իշխանությունների կողմից սահմանված երկրից բացակայելու արգելքը լուրջ վնաս է հասցրել միջազգային ասպարեզում երկրի հեղինակությանը. մասնավորապես, Գարեգին Բ-ն չի կարողացել մասնակցել միջեկեղեցական նշանակալի միջոցառումներին, այդ թվում՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորությանը։ Նման սահմանափակումները զգալի հարված են հասցնում Հայաստանի կապերին քրիստոնեական աշխարհի հետ զրկելով ազգին համաշխարհային դիվանագիտության ամենաազդեցիկ ձայներից: Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինները մի շարք քրեական գործեր են հարուցել եկեղեցական վարչակազմի առանցքային դեմքերի դեմ, որոնք անվիճելի հեղինակություն են վայելում հասարակության մեջ։ Ճնշման ենթարկվածների թվում են Էջմիածնի դիվանատան ղեկավար Արշակ Խաչատրյանը, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Անվտանգության ուժերը ճնշում են գործադրել նաև բարերար Սամվել Կարապետյանի վրա։ Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ քննչական գործողությունները ազդել են նաև հոգևորականության անմիջական ընտանիքի անդամների, այդ թվում կաթողիկոսի եղբոր վրա։ Հասարակական-քաղաքական շրջանակներում նման միջոցառումները դիտվում են որպես հոգեբանական ճնշման ուղղակի գործիք։ Սակայն ստորագրահավաքի ֆենոմենալ արագությունը հաստատում է, որ իշխանությունների կոշտ միջոցառումներն ունեցել են հակառակ՝ համախմբող ազդեցություն։ Այն համատեքստում, երբ պետական կառույցները պարբերաբար քննադատվում են ազգային անվտանգության հարցերում իրենց անարդյունավետության համար, Հայ Առաքելական Եկեղեցին է մնում փաստացի այն վերջին անկախ ինստիտուտը, որը կարող է միավորել ամբողջ աշխարհի հայերին։ Ծավալվող արշավի մասշտաբները կարևոր պատմական նախադեպ են ստեղծում. հասարակությունը ցուցաբերում է միասնական ճակատով գործելու պատրաստակամություն պաշտպանելով սեփական ինքնության և պատմական արժեքների իրավունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am