«Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկրի ուղեծրից ու ուղևորվել է Լուսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան «Օրիոն» տիեզերանավն «Արտեմիս-2» առաքելության շրջանակներում դուրս է եկել մերձերկրյա ուղեծրից՝ ուղևորվելով դեպի Լուսին։ Այս մասին հայտարարել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ԱՄՆ ազգային գործակալությունը (ՆԱՍԱ)։
Ինչպես և նախատեսված էր, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 19:49-ին (Երևանի ժամանակով 3:49-ին) «Օրիոն»-ի շարժիչները միացել են և կատարել, այսպես կոչված, «տրանսլուսնային ինժեկցիոն իմպուլս», ինչը նշանակում է, որ դրանք արագություն են հաղորդել տիեզարանավին։ Տիեզերանավը մերձերկրյա էլիպտիկ ուղեծրում անցկացրել է 24 ժամ։
«Արտեմիս-2»-ի անձնակազմն այժմ պաշտոնապես ուղևորվում է դեպի Լուսին», - ասվում է ՆԱՍԱ)-ի հայտարարության մեջ։
BBC-ի փոխանցմամբ՝ «Օրիոն» ծրագրի ղեկավար Հովարդ Հուն ուրախությամբ հայտնել է, որ CO2 սկրաբերը, որը թույլ է տալիս տիեզերանավին հեռացնել ածխաթթու գազը, ապահովել շնչելի օդ և կառավարել ջերմաստիճանը, աշխատում է «ճիշտ այնպես, ինչպես կանխատեսվել էր, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լավ»։
Եթե անձնակազմը հաջողությամբ պտույտ կատարի Լուսնի շուրջ այս ճանապարհորդության ընթացքում, ՆԱՍԱ-ի նպատակն է, որ «Արտեմիս-4»-ը և «Արտեմիս-5»-ը դառնան Լուսնի վրա վայրէջք կատարելու առաքելություններ. դրանք երկուսն էլ նախատեսված են 2028 թվականին։
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «Օրիոն» տիեզերանավը, որի անձնակազմում են տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության (CSA) տիեզերագնաց Ջերեմի Հանսենը, պետք է թռչի Լուսնի շուրջ առաքելության վեցերորդ օրը։
Առաքելության տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր․ տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջ և վերադառնան Երկիր։
«Արտեմիս-2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը, իրականացվել էր 2022 թվականին՝ առանց անձնակազմի։
Վերջին 53 տարվա ընթացքում առաջին անգամ են մարդիկ ուղևորվում դեպի Լուսին։