Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և նույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումներ, իսկ օրենքի 25- րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում