Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանն այլևս ամենօրյա պարբերականությամբ ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին՝ նոր պատերազմի հեռանկարով, հայտարարում, որ եթե չընտրեն ՔՊ-ին, սեպտեմբերին նոր պատերազմ է սպասվում։ Երեկ նա հերթական տեսաուղերձն է հղել, հայտարարել, թե՝
«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով: Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին, սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել»,- ասել է նա։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել են ծանր կորուստների գնով, բայց դուրս են եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել են զարգացման օրակարգով:
«Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան»,- նշել է նա՝ ընդդիմության առաջնորդներին մեղադրելով օտար պետությունների էմիսարներ լինելու մեջ: ՀՀ քաղաքական դաշտում օտար պետությունների մեկ էմիսար կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Հենց նա է նոր պատերազմի հրձիգը, նրան ու իր թիմին ընտրելով՝ ՀՀ քաղաքացին բացելու է պատերազմի դուռը։ Ու որքան շուտ այս պարզ ճշմարտությունը հասցվի ընտրողին, այնքան Հայաստանը գոյատևելու շանս կունենա։
Աննա Մարգարյան