Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք կարո՞ղ ենք էս գլխից որոշել, եթե արդեն չենք որոշել, որ այդ հողերում անտառ է լինելու, ուրիշ նպատակով չենք օգտագործելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 19–ին կառավարության նիստում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռուստաաշտարակին հարակից հողերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու որոշումներին։
«Դա քաղաքային տրամաբանության անտառ պետք է լինի, որը նաև հարմար լինի մարդկանց զբոսնելու համար։ Իմիջիայլոց այդպիսի ծրագիր մենք ունենք նաև Դալմայում, այնտեղ իհարկե տարածքը ավելի մեծ է։ Քաղաքային անտառ ասելով նկատի ունեմ, որ լինեն քայլուղիներ, վազքուղիներ, հեծանվուղիներ, պայմանով, որ ներսում ոչ մի առևտրային տարածք չի լինելու, այսինքն ակտիվ կյանքի համար հարմար, բայց առանց կոմերցիոն ինչ-որ կետերի»,–ասաց նա։
Գլխավոր դատախազը նշեց, որ հիմա աշխատանք է տարվում բոլոր հողերն անտառային դարձնելու և քաղաքային անտառ հիմնելու ուղղությամբ։
Իր հերթին Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ասաց. «Մենք Նորքում կունենանք մոտ 50 հա հողատարածք, հետագայում դրանք բոլորը կդառնան անտառային նշանակության։ Այդ տարածքում միջազգային դոնորներ ներգրավելով կիրականացնենք անտառային պուրակի գաղափարը»։
Փաշինյանը լավ լուր համարեց, որ Նորքում 50 հա հատված կա, որը կարելի է անտառ դարձնել. «Այսինքն 50 գումարած 250, դա նշանակում է, որ Երևանում կարող ենք ֆունդամենտալ խնդիր լուծել։ Պետք է կենտրոնանալ այս գործի վրա և հնարավորինս իրականացնել։ Այստեղ կարևոր է, որ էս գլխից ոռոգման հարց լուծել, ընդ որում, կաթիլային ոռոգման»։