Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
ԻՐԱՎՈՒՆՔՓետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600 000 դրամի վնաս։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ: Նրանք Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և գողոնով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին:
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թ. սեպտեմբերին գրանցված գողությունները նույնպես նրանք են կատարել. սեպտեմբերի 15-ին գողացել էին «Հոնդա» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: