Մանրամասներ` Գորիսում հունվարի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սյունիք Նյուզը» բացառիկ հարցազրույց է ունեցել Գորիսում հունվարի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի ականատես Արսեն Երեմյանի հետ:
Հիշեցնենք՝ երկու եղբայրներ՝ Արեն Յոլյանն ու նրա հորեղբոր որդի` Վարուժ Յոլյանը, ընտանեկան վեճի ընթացքում մահացան նռնակի պայթյունի հետևանքով։ Վեճը, ինչպես հայտնի է, ծագել էր պապական տունը կիսելու շուրջ և ավարտվել ողբերգությամբ՝ խլելով մարդկային կյանքեր ու ցնցելով ողջ քաղաքը։
Արեն Յոլյանը Գորիս համայնքի ղեկավարի վարորդն էր։
Դեպքից մեկ ամիս անց «Սյունիք Նյուզը» կրկին անդրադառնում է այս ծանր կորստին և զրուցում ողբերգության ականատես Արսեն Երեմյանի հետ
Դեպքից անմիջապես հետո տարածվեցին լուրեր, թե Արսեն Երեմյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն մեր զրույցում նա հերքեց այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ իր վիճակը կայուն է, իսկ աչքերի և տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել։
Արսենը մարզիկ է, Արցախից տեղահանված։ Արդեն երեք տարի է՝ բնակվում է Գորիսում և աշխատում Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ։ Նա պատմում է, որ դեպքի մանրամասները գրեթե չի հիշում.
«Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ չհասցրեցի նույնիսկ գիտակցել։ Հիշում եմ միայն, որ հետո արդեն հիվանդանոցում էի…»։
Չնայած ֆիզիկական վիճակը կայուն է, Արսենը խոստովանում է, որ հոգեբանական ցավը խորն է․ նա կորցրել է մտերիմ ընկերոջը։
Այս պահին նրա առողջական վիճակը գնահատվում է լավ, և նա շուտով կվերադառնա աշխատանքի՝ շարունակելով իր մարզչական գործունեությունը։
Ողբերգությունը կրկին հիշեցրեց, թե որքան կործանարար կարող են լինել վեճերն ու չկառավարվող հույզերը։ Գորիսը դեռ սգում է, բայց կյանքը շարունակվում է՝ ծանր, բայց նաև արժանապատիվ քայլերով: