Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց Երևան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ փոխնախագահի առաջին այցը Հայաստան ամրապնդեց Երևանի արագ մերձեցումը Վաշինգտոնի հետ և հեռանալը Մոսկվայից։ Երևանում Ջ.Դ. Վենսը հավանություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը հունիսին կայանալիք ընտրություններում և հայտարարեց, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք նաև մատակարարվում են Ուկրաինային, գրում է bbc.com–ը։ «Գիտեմ, որ [Փաշինյանը] ընտրություններ ունի։ Ես չեմ խոսի դրանց մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, նա անպայման կօգտագործի այն, քանի որ նա գիտի, թե ինչպես կառուցել երկարաժամկետ համագործակցություն, որը կապահովի կայուն խաղաղություն [Ադրբեջանի] հետ», - ասել է Վենսը Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հանդիպման ժամանակ նաև հայտարարվել է միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի մասին։ Այն կհարթի ճանապարհը ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաների արտահանման և Հայաստանում ամերիկյան փոքր միջուկային ռեակտորների կառուցման համար։ Այցի ընթացքում նաև հայտարարվել է, որ ամերիկա-հայաստանյան Firebird ստարտափը լրացուցիչ 4 միլիարդ դոլար կներդնի Հայաստանում սուպերհամակարգչի և տվյալների կենտրոնի ստեղծման գործում, որի համար ԱՄՆ կառավարությունը թույլատրել էր լրացուցիչ 41,000 Nvidia չիպերի վաճառքը: Ակնկալվում է, որ այս նախագիծը կլինի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամեծ ներդրումը։
Սակայն ամենակարևոր նորությունը ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն էր հայկական բանակին, որի արժեքը կազմում է 11 միլիոն դոլար: Սա առաջին ամերիկյան ռազմական տեխնիկան է, որը մատակարարվում է Հայաստանին, որը պաշտոնապես մնում է Ռուսաստանի դաշնակիցը, բայց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ունի և նպատակ ունի միանալ Եվրամիությանը։
Վենսի կողմից Փաշինյանին աջակցությունը նշանակում է, որ Արևմուտքն ունի միասնական թեկնածու Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, և դա չնայած Թրամփի վարչակազմի և եվրոպացի առաջնորդների միջև բազմաթիվ այլ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am