Պեսկովը մանրամասներ է հայտնել Ժնևում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները Ժնևում շոշափելու են հարցերի ավելի լայն շրջանակ, քան Աբու Դաբիում կայացած քննարկումների ժամանակ էր։ Բանակցային սեղանին են լինելու նաև տարածքային հարցեր։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնականները, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին։ Այս հարցերը, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ռուս-ուկրաինական կարգավորման բանակցողների հետ։ Նա տեղեկացրել է, որ Պուտինը մանրամասն հրահանգներ է տվել ռուսական պատվիրակությանը Ժնև մեկնելուց առաջ։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պեսկովի խոսքով՝ բանակցողների թվում կլինեն նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: