Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում 61-ամյա Սեմիոն Բ.-ն իր վարած «MAN» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ քաղաքի վարչական տարածքում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Կ. Մարտիկյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Մելիքյանի վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։