Խոշար վթար՝ Արտաշատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և նստարանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Առաքելյանը և Տիգրան Գալստյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։