Բրատիսլավայի Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) պաշտպանության կոմիտեն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հոգևորականներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍլովակիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) և Հայաստանում քրիստոնեության պաշտպանության կոմիտեի նիստը գրում է realtribune.ru–ն։ Մասնակիցները պահանջել են եկեղեցու արձրաստիճան պաշտոնյաների անհապաղ ազատ արձակումը և մեղադրել են Հայաստանի իշխանություններին «աննախադեպ բռնաճնշումների» մեջ։ Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին և հայտնի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանում ՀԱԵ ներկայացուցիչ հայր Հովհաննեսը և նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Գուիդո Լոմբարդին։ Կոմիտեի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է. «Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու երեք արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսին և այն այլ անձանց, որոնք դարձել են քաղաքական հետապնդման զոհ։ Միջազգային հանրությանը ուղղված մեր կոչի նպատակն է դիվանագիտական ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա Հայ Առաքելական Եկեղեցու և նրա Գերագույն առաջնորդի դեմ աննախադեպ բռնաճնշումների արշավը դադարեցնելու համար»։ Ռոբերտ Ամստերդամը, ներկայացնելով Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության ծրագիրը, նշել է. «Մենք առաջարկում ենք հինգ քայլից բաղկացած ռազմավարություն, որը ներառում է համագործակցության ակտիվացում ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի հետ, պետությունների ղեկավարներին ուղղված ուղղակի կոչեր, միջազգային գագաթնաժողովներին մասնակցություն, դատական գործընթացների նախաձեռնում և հոգևոր աջակցության կոչ Վատիկանին որպես աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցի»։ Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Հովհաննեսը ընդգծել է. «Եկեղեցին՝ Գարեգին Բ կաթողիկոսի ղեկավարությամբ, գործում է խստորեն իր լիազորությունների և գործող կանոնակարգերի համաձայն։ Մենք հետևողականորեն բացատրում ենք այս դիրքորոշումը և՛ ռուս հանրությանը, և՛ հայկական սփյուռքին»։ Յան Չարնոգուրսկին պատմական զուգահեռ է անցկացրել. «1988 թվականին Բրատիսլավայում մոմավառությունը դարձավ կրոնի և քաղաքացիական ազատությունների պաշտպանության խորհրդանիշ։ Այսօր մենք կանգնած ենք նմանատիպ մարտահրավերի առաջ»։ Գուիդո Լոմբարդին հայտարարել է միջազգային աջակցության մասին. «Ես լիովին աջակցում եմ Կոմիտեի բոլոր առաջարկներին և ակտիվորեն կխթանեմ այս նպատակները Միացյալ Նահանգներում, այդ թվում Վաշինգտոնում կայանալիք միջկրոնական համաժողովում»։
Հիշեցնենք, որ Կոմիտեն ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին ի պատասխան Հայաստանի կառավարության պառակտիչ գործողությունների: Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2026 թվականին լրանում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1725 տարին (301), ինչը Հայ Առաքելական Եկեղեցին դարձնում է եզակի պատմական հաստատություն, որը, նրանց կարծիքով, ներկայումս ենթարկվում է լուծարման փորձերի: Ավելի վաղ ՀՀ Վերաքննիչ դատարանը հաստատել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը: Կալանավորված են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am