Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Շարուրի փողոց) ստուգում իրականացնելու ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ունեցել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ,
արտադրությունում օգտագործվող հումքի մշակման սեղանի կողային հատվածները, հացի պահման դարակաշարերը, հացի եփման դարակաշարերը, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրիկա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։