Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ հայտնաբերվել է դի, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում մահացած քաղաքացի կա և 1 վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Գեղարքունիքի մարզային վարչության պետ Սանթուր Դուրագյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանն ու Հրաչյա Գևորգյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։Նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մաւմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լուսինե Մանուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է և նրանք վայր են ընկել։
Գ Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։