Կլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակ դիրքորոշում է հայտնել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ՝ վերջ դնելով շրջանառվող խոսակցություններին։
AS պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը հայտարարել է, որ ներկայումս իրեն լիովին բավարարում է իր կարգավիճակը, և նա մտադիր չէ փոփոխություններ կատարել։
«Ես կյանքիս այն փուլում եմ, երբ ինձ լիովին գոհացնում է իմ դրությունը։ Ես չեմ ցանկանում լինել որևէ այլ վայրում։ Ինձ չի հուզում, երբ լսում եմ, թե իբր «Ռեալը» հետաքրքրված է ինձնով․ դրանք ընդամենը մեդիա շահարկումներ են։
Այս պահին ես կասեի «ոչ», թեպետ չեմ կարող ասել «երբեք»։ Չեմ կարծում, որ կփոխեմ կարծիքս, բայց չգիտեմ։ Խորհուրդ կտայի մարզչին հեռացնելիս հստակ պատկերացում ունենալ, թե ով է լինելու նրա իրավահաջորդը, և լինել իրատես»,- նշել է Կլոպը։
Հիշեցնենք, որ «Ռեալում» վերջերս մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Ակումբը պաշտոնանկ է արել Խաբի Ալոնսոյին, որը թիմը գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։ Գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է մադրիդցիների մեկ այլ նախկին խաղացող՝ Ալվարո Արբելոան։