Արտակարգ դեպք` «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև , որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։