Ռուսաստանի գիտությունների ակադեմիան բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ճնշում գործադրում Առաքելական եկեղեցու և ընդդիմության վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է քաղաքական դաշտի մաքրման վրա 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ) զեկույցում, գրում է ria.ru–ն։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է և ավելի ու ավելի կատաղի է դառնում 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված հաջորդ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց։
«Ակնհայտ է, որ դիմակայությունը միայն կսրվի 2026 թվականի առաջին կեսի ընտրարշավի ընթացքում։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, սփյուռքի անցանկալի ներկայացուցիչների և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության վրա իշխանության ճնշումը 2025 թվականին աննախադեպ էր։ Փաշինյանը նույնիսկ անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ է հնչեցրել կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հայ եկեղեցական պաշտոնյաների հասցեին։ Հայտնի գործարար Սամվել Կարապետյանի և նրա անձնական և գործարար շրջանակի մի մասի նկատմամբ ճնշումները մեծապես կապված են հենց ՀԱԵ-ի վրա ճնշման հետ», - նշվել է զեկույցում։
Այնտեղ նաև նշում է, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այժմ հետապնդվում են, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների և մի շարք կողմնակիցների դեմ դատական գործընթացներ են ընթանում։ «Այսպիսով, Փաշինյանի թիմը կենտրոնացնում է իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները 2026 թվականի ընտրություններում հաղթանակը երաշխավորելու համար հանրապետության քաղաքական դաշտը լիովին մաքրելու վրա։ Փաշինյանին անհրաժեշտ է համոզիչ, անվիճելի հաղթանակ խորհրդարանում իր սահմանադրական մեծամասնությունը պահպանելու համար, ինչը նրան թույլ կտա առաջ շարժվել սահմանադրական բարեփոխումներով և շարունակել իր արտաքին քաղաքականության կուրսը, որն ուղղված է Միացյալ Նահանգների հետ մերձեցմանը և արագացված եվրոպական ինտեգրացիային», - նշում է ԻՄԵՄՕ-ն։ Միաժամանակ նշվում է, որ, փորձագետների կարծիքով, Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ մրցակցության բացակայության դեպքում, 2026 թվականին ունի հաջողության բոլոր հնարավորությունները։ «Քաղաքական ուժերի ներկայիս հավասարակշռության հիմնական պատճառներից մեկը, կարծես, նախկին առաջնորդների բարձր բացասական վարկանիշներն են, ինչը նրանց խանգարում է ապահովել հանրապետության բնակչության զգալի մասի աջակցությունը։ Իշխող կուսակցությունը, այդ թվում իր վարչական ռեսուրսների և երկրի տեղեկատվական տարածքի վրա փաստացի մենաշնորհի միջոցով, թվում է, թե ընտրարշավի ակնհայտ ֆավորիտն է։ Կառավարության և ընդդիմության միջև ավանդական դիմակայությունից բացի, հարկ է նշել նաև երրորդ ուժի բացակայությունը, որը վաղուց է պահանջված Հայաստանում, ինչպես նաև կարևոր է նոր, ականավոր և միավորող քաղաքական գործիչների բացակայությունը», - ընդգծվել է զեկույցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am