Ծննդատունը փակվել է՝ ինը նորածնի մահից հետո․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Քննչական կոմիտեն Քեմերովոյի մարզում քրեական գործ է հարուցել անփութության և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով՝ Նովոկուզնեցկ քաղաքում ծննդատանը նորածինների մահվան դեպքերի առթիվ։ Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ամանորի օրերին բժշկական հաստատությունում մահացել է ինը նորածին։
Դեպքի մասին առաջինը հայտնել է NGS42 տարածաշրջանային լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նորածինների մահը հաստատել է Քեմերովոյի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Տարասովը։
Մարզային առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 11-ը ծննդատանը ընդունվել է 234 ծնունդ։ Ստացիոնարի բաժանմունքում բուժում է ստացել 32 նորածին, որոնցից 17-ը գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Բոլոր երեխաների մոտ ախտորոշվել է ծանր ներարգանդային վարակ։
Քեմերովոյի մարզի նահանգապետ Իլյա Սերեդյուկի հայտարարությամբ՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը ժամանակավորապես ազատվել է պաշտոնից։ Վարակի շեմի գերազանցման պատճառով ծննդատունն այժմ փակ է։
Պաշտոնական աղբյուրներից բացի, տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ հաստատության հասցեին նախկինում բազմիցս բողոքներ են ներկայացվել։ Լրատվամիջոցների զրուցակիցների պնդմամբ՝ խոսքը վերաբերում է հակասանիտարական միջավայրին, սակայն այդ տեղեկությունները քննության շրջանակում դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։ ՌԴ դատախազությունն ուսումնասիրում է գործը։