Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 6-ին՝ երեքշաբթի օրը, Փարիզում կայացած «Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովից երկու օր անց, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը՝ հունվարի 8-ին, հանդիպել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում 6000 ֆրանսիացի զինվոր տեղակայելու ծրագիրը, հայտնում է Le Monde-ը։
Տեղի է ունեցել դռնփակ խորհրդակցություն, որին ներկա են եղել վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն, զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը, պաշտպանության շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնը, Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն և Սենատի նախագահ Ժերար Լարշեն, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովների նախագահները։
Ընդհանուր առմամբ շուրջ երեսուն հոգի՝ մոտ երեք ժամ անցկացրել են Ելիսեյան պալատի ձմեռային այգում, գրում է ֆրանսիական լրատվամիջոցը։
Ներկայացված են եղել բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նրանք, ովքեր առավել դժկամությամբ էին արտահայտվում Ուկրաինա զորք ուղարկելու վերաբերյալ, ինչպիսիք են «Ազգային միավորումը» և «Անհնազանդ Ֆրանսիան»։