1 զոհ, 1 վիրավոր․ 29-ամյա կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի կենցաղային և մարտական հաշվարկներ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են վթարված ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել են հերթապահություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։