Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նվիրված եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ հնչեցված մտահոգություններին ու ելույթներին:
Ինչ վերաբերում է ատեստավորման անհավասար պայմանների մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, ասաց՝ մրցակցությունն ինքնին անհավասարության ու հավասարության մասին է:
Նախարարի խոսքով՝ այսօր ասել, որ համատարած պետք է բարձրացնել բոլորի աշխատավարձերը ու բանակում չունենալ մոտիվացիոն համակարգ, անձամբ դեմ է դրան, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի:
«Ես կողմ կլինեմ, որ ատեստավորման սանդղակում ֆինանսական մասը, ըստ հարաբերակցության, բարձրանա, բայց համատարած բոլորի աշխատավարձերը չբարձրանան, որովհետև դա դեմոտիվացնում է զինվորականությանը»,- ասաց Պապիկյանը:
Ինչ վերաբերում է պարեկներին ու զինվորականներին համեմատելուն, նշեց՝ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205 հազարից 470 հազար դրամով ավելացել է:
«205 հազարից 470 հազար դրամ: Սա, կարծում եմ, փոքր գումար չէ, ու եթե հնարավորությունը ստեղծված է բոլորի համար, ինչո՞ւ դրանից չպետք է օգտվեն բոլորը»,- հավելեց պաշտպանության նախարարը:
Զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունը, ըստ նրա, ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ:
«Եվ սրա հիմքում ընկած է մեր համալրման արդյունավետությունը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը: