25-ամյա Յուլյան «ճակատի պատռվածքով» հոսպիտալացվել է. նա վնասվածքը ստացել է ռեստորանի VIP սրահում․ կան ձերբակալվածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր օտարերկրացի կին է տեղափոխվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը ՌԴ քաղաքացի 25-ամյա Յուլյա Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յուլյա Պ․-ն նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Գ․-ի, 39-ամյա Վահան Բ․-ի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթ Հ․-ի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարո Թ․-ի հետ միասին։
Ոստիկանները «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի բակից մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերյոժա Գ․-ին և Վահան Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Դավիթ Հ․-ին և Սարո Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։