Հայաստանը և Հնդկաստանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում նոյեմբերի 7-ին կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով Հայաստանի և Հնդկաստանի միջև դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման հնարավորությունները:
Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում վերջին զարգացումները: Հնդկաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորհրդակցությունների շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը: