Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի չեղարկման մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չի եղել. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահները չեն կարող հանդիպել հանուն հանդիպման։ Նրանք չեն կարող պարզապես կորցնել իրենց ժամանակը, և նրանք բացահայտ խոսում են այդ մասին: Այդ պատճառով նրանք Լավրովին (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով–խմբ. ) և Ռուբիոյին (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո–խմբ.) հանձնարարել են նախապատրաստել այդ գործընթացը։ Գործընթացը բարդ է...»:
Ըստ Պեսկովի՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի չեղարկման մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել:
Նա նաև նշել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները բարդանում են ոչ միայն օրակարգի ծավալով, այլև այն փաստով, որ ոչ բոլորն են հետաքրքրված դրա անցկացմամբ.
«Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում, որ այս գագաթնաժողովը տեղի ունենա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիթն ասել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման ծրագրերից, սակայն դա կկայանա միայն այն դեպքում, եթե կարողանա «շոշափելի արդյունք» բերել: