Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել պատժամիջոցները բրիտանական ընկերությունների դեմ, որոնց արտադրանքն օգտագործվում է ռուսական անօդաչուներում՝ Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։
Զելենսկին X հարթակում գրել է, որ հոկտեմբերի 5-ի զանգվածային հարձակման ընթացքում, որի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, օգտագործվել են 549 տեսակի ռուսական զինատեսակներ՝ պարունակելով ավելի քան 102 հազար արտասահմանյան բաղադրիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից։
Նրա խոսքով՝ բրիտանական արտադրության թռիչքի կառավարման միկրոհամակարգիչներ են հայտնաբերվել հարձակման ընթացքում կիրառված անօդաչուներում։
Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը իրականացված անօդաչուների և հրթիռների համատեղ հարձակման հետևանքով Լվովում և շրջակա տարածքներում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, ևս վեցը վիրավորվել են։ Սա քաղաքի նկատմամբ ամենախոշոր օդային հարձակումը եղել է Ռուսաստանի ներխուժումից ի վեր։
Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է փակել պատժամիջոցներից խուսափելու բոլոր սխեմաները․ «Ռուսաստանը դրանց միջոցով շարունակում է սպանել։ Աշխարհն ունի ուժը դա կանգնեցնելու»։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստում է նոր պատժամիջոցներ՝ ուղղված Ռուսաստանի մատակարարման սխեմաների դեմ։ Այս շաբաթ Գ7 երկրների պատժամիջոցների համակարգողները կհանդիպեն՝ արդյունավետ քայլեր քննարկելու համար։
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ երկրի զենքի արտահանման համակարգը «աշխարհում ամենախիստերից մեկն է» և խոստացել է ուսումնասիրել բոլոր հնարավոր խախտումները՝ ընդգծելով, որ Լոնդոնը շարունակելու է աջակցել Ուկրաինային։