Ցիկլոնի ազդեցությունը պահպանվում է. Թալինում 2 ժամում 58 մմ անձրեւ է տեղացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը մեր երկրի տարածքում կպահպանվի առաջիկա 5 օրերին եւս: Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում այդ օրերին կլինի զով եղանակ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ, քամու ուժգնացում: Անձրեւները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում: Մյուս մարզերում տեղումները կլինեն համեմատաբար կարճատեւ եւ քիչ քանակությամբ»,- ասաց Սուրենյանը:
Խոսելով սպասվող ջերմաստիճանի մասին՝ նա ընդգծեց, որ երեկ արդեն իսկ զգալի չափով նվազել է ջերմաստիճանը, ուստի առաջիկա 5 օրերին զգալի փոփոխություն չի կրի: Ինչպես երեկ, այնպես էլ առաջիկա օրերին Երեւանում կգրանցվի ընդամենը +31...+32 աստիճան տաքություն: Սա այն դեպքում, որ նախորդ շաբաթ ջերմաստիճանը հասել էր +38-ի:
Մեր հարցին ի պատասխան Գագիկ Սուրենյանն ընդգծեց, որ ներկայումս Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, իսկ տեղումները՝ նորմայից շատ: «Հուլիսը եւ օգոստոսը մեզ մոտ ամենաչոր ամիսներն են, բայց ինչպես տեսնում ենք, բավականին առատ տեղումներ են գրանցվում, ինչպես մայիսին»,- շեշտեց Սուրենյանը:
Անդրադառնալով արդեն իսկ գրանցված տեղումներին՝ նա ընդգծեց, որ երեկ շատ ուժեղ տեղումներ են եղել Հանրապետության առանձին հատվածներում:
«Հատկապես Թալինի հատվածում 58 մմ անձրեւ է եկել: Եթե հուլիս ամսվա օրինակով վերցնենք, Երեւանի ամսական նորմայի քառապատիկի չափ անձրեւ է եկել ընդամենը 2 ժամում»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:
Կհեռանա՞ ցիկլոնը առաջիկա 5 օրերից հետո, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Սուրենյանը հիշեցնում է, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ճշգրիտ կանխատեսումները 5 օրվա շրջանակներում են:
Չնայած դրան, ըստ կանխատեսումների, հուլիսի առավելագույն ջերմաստիճանը լինելու է +39-ը: Մեծ է հավանականությունը, որ ջերմաստիճանը +39-ի կհասնի հուլիսի երկրորդ եւ երրորդ տասնօրյակում: