ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանից պահանջում է հակառուսական քաղաքականություն՝ չխոստանալով ոչինչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նշել է, որ Մոսկվան հստակ մատնանշել է Երևանին Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։
Եվրամիությունը Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին հավատարիմ մնալ դրա դիմաց Երևանին կոնկրետ որևէ բան չխոստանալով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, գրում է tass.ru–ն։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու հարցին ի նպաստ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի հաստատման, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են: Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ հավատարիմ է իրեն, քանի որ առանց որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում ընդունելու առանց վիզայի հարաբերությունների հաստատման, նա արդեն իսկ պահանջում է հակառուսական քաղաքականություն»,– ասել է նա:
Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվան Երևանին հստակ մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ «Դրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինելն ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի և ներդրումների ավելացման տեսքով»։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին բանաձևի նախագծին, որն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա չի նշանակում, որ Երևանն ինքնաբերաբար կմիանա այդ համայնքին, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվե։ Իր հերթին, Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ այդ թեմայով օրինագիծը հասարակական նախաձեռնություն է, որը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ և պետք է քննարկվի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը