Կայացել է համերգային երեկո՝ նվիրված Լևոն Մալխասյանի 80-ամյակին
ՄՇԱԿՈՒՅԹ«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ:
«Սա այն օրն է, երբ մաեստրոյին շնորհավորելուց առաջ պետք է միմյանց շնորհավորենք, որովհետև հնարավորություն ունենք միասին ներկա լինելու մեր քաղաքին գույն տվող, այն անձնավորող ու նոր մշակույթ բերող անհատականության ծննդյան միջոցառմանը: Ձեր ստեղծագործությունները յուրաքանչյուրիս նոր էներգիա, ոգևորություն և լավատեսություն են պարգևում: Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, իսկ մեզ՝ Ձեր ներկայությունը և համերգային երեկոները վայելելու նոր հնարավորություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հոբելյանական համերգի շրջանակում արտերկրից Հայաստան էին հրավիրվել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը (Լիբանան), ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը (ՌԴ), ջազմեն, դաշնակահար Սամվել Գասպարյանը (ԱՄԷ): Համերգին իրենց կատարումներով հանդես են եկել նաև այլ արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ «Լևոն Մալխասյան», «Գարիկ Սարիբեկյան» և «Արեգ Առուստամյան» տրիոները, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։ Համերգային երեկոն տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) մասնակցությամբ:
Համերգը կայացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ