Թուրքական Anka-4 անօդաչու թռչող սարքն ունակ կլինի արձակել հիպերձայնային բալիստիկ հրթիռներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հայտարարել է, որ Anka-4 նոր անօդաչու թռչող սարքը հագեցած կլինի հիպերձայնային բալիստիկ հրթիռներով։ Այդ նախագիծը, որն այժմ գտնվում է կոնցեպտուալ նախագծման փուլում, ոչ միայն նախորդ մոդելների էվոլյուցիան է, այլ նաև նորարարական մարտական հարթակ, որն ընդունակ է փոխել ժամանակակից ռազմական գործողությունների դինամիկան, գրում է overclockers.ru-ն:
Anka-4-ը հիպերձայնային բալիստիկ հրթիռներով զինելը Թուրքիային որոշակի առավելություն կտա ժամանակակից հակամարտություններում։ Հիպերձայնային հրթիռները, որոնք հասնում են 5 մախից ավելի արագության, գործնականում անհնար է որսալ գործող հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Դա Anka-4-ը կդարձնի եզակի գործիք այնպիսի հարվածներ հասցնելու համար, որոնք կանխելու ժամանակ հակառակորդը չի ունենա։
Anka-4 նախագիծը ներառում է արհեստական ինտելեկտի ինտեգրում, որը թույլ կտա անօդաչու սարքին ինքնավար առաքելություններ կատարել։ Այն կկարողանա հարմարվել ռազմի դաշտի փոփոխվող պայմաններին շփվելով կառավարվող այնպիսի կործանիչների հետ, ինչպիսին է KAAN-ը, որը հինգերորդ սերնդի կործանիչ է, և որը ևս գտնվում է մշակման փուլում: Տեխնոլոգիաների այս համադրությունը խոստանում է բարելավել գործառնական ճկունությունը և հարվածների ճշգրտությունը:
Այնուամենայնիվ, չնայած այդ հավակնոտ ծրագրերին, նախագծերը բախվում են մի շարք մարտահրավերների: Անօդաչու սարքը պետք է հաղթահարի էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության խնդիրները, որոնք կարող են սահմանափակել նրա արդյունավետությունը: Արհեստական ինտելեկտի ինտեգրումը ևս հարցեր է առաջացնում օտարերկրյա փորձագետների մոտ, արդյո՞ք այն կկարողանա համարժեք արձագանքել մարտի դաշտում ծագող անկանխատեսելի իրավիճակներին:
Թուրքիան արդեն ցույց է տվել իրեն այնպիսի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, ինչպիսին է Bayraktar TB2-ը, որն ապացուցել է իր արդյունավետությունն իրական մարտական պայմաններում։ Anka-4-ն իր հերթին խոստանում է զգալիորեն ընդլայնել երկրի հարվածային ու հետախուզական հնարավորությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը