«Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Նման հայտարարությունները շատ դժվար է հասկանալ, և ահա թե ինչու: Հայաստանը երբեք բարձր մակարդակով չի արձագանքել «Արևմտյան Ադրբեջանի նախագծին», որն այդքան ակտիվորեն քարոզում է Բաքուն», - «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, գրում է mediana.press-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ երբ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չե՞նք կարծում, որ դա ինչ-որ մեկին կնյարդայնացնի այնպես, ինչքան մեզ նյարդայնացնում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Միաժամանակ Փաշինյանը խոստովանել էր, որ այդ խոսքերից հետո իրեն կրկին կմեղադրեն դավաճանության և ստորության մեջ։ «Բայց ես մի իրավիճակում եմ, երբ պարտավոր եմ խոսել ժողովրդի հետ և ցույց տալ պատճառահետևանքային հարաբերությունները: Եթե ես դա չանեմ, ուրեմն միտումնավոր երկիրը տանում եմ պետականության կորստի»,- հավելել էր նա։
Սերգեյ Մելքոնյանը նշել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» ադրբեջանական կողմի նոր պահանջներն են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ «Եվ Հայաստանը պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքում դրան։ Բայց դրա դիմաց պաշտոնական մակարդակով փորձ է արվում այն նույնացնել Արևմտյան Հայաստանի հետ։ Փաստորեն, դա նշանակում է, որ նրանք կրկին փորձում են առաջ մղել «իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» մասին այդ ֆրեյմը։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը նման ֆրեյմով չի առաջնորդվում, ընդհակառակը, այդ երկիրն ապրում է, այսպես կոչված, պատմական Ադրբեջանի օրակարգով, որը հակադրվում է «իրական Հայաստանին»: Այս պարագայում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում։ Հետևաբար, եթե Երևանն առաջ է մղում այսպես կոչված «իրական Հայաստան»-ի օրակարգը, ապա Ադրբեջանը, ընդհակառակը, խոսում է իր պատմական նկրտումների մասին։ Եվ այդ հակասությունը չի կարող բերել խաղաղության»,- ասել է Մելքոնյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը