«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին: Ադրբեջանը, որն ապրում է նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներով, հյուրընկալում է կլիմայական գագաթնաժողով: Դա անհեթեթություն է, բայց երբ ինչ որ բան շահավետ է և աստղաբաշխական գումարներ են վճարվում, համաշխարհային պաշտոնյաները պատրաստ են խոստովանել, որ մածունը նաև սև է լինում, գրում է kavkaz-uzel.eu-ն:
Աշխարհի այդ նույն կառավարիչները լուռ հետևում էին ադրբեջանցի «բնապաշտպաններին», որոնք Շուշիի մոտ փակել էին Արցախի դեպի Հայաստան կյանքի ճանապարհը, ինչը փաստացի դատապարտել էր Ստեփանակերտը և մնացած բոլոր բնակավայրերը լիակատար շրջափակման։ Դա է Ադրբեջանի «բնապահպանությունը»:
Երկրի ղեկավարներից շատերն են հասկանում տեղի ունեցող ամոթը, ուստի չեն գնացել Բաքու, բայց օգուտները հաշվի առնելով իրենց ներկայացուցիչներին են ուղարկել։ Անգամ Հայաստանն է մտածում գնա՞լ, թե՞ չգնալ, և հույս ունի, որ ի պատասխան գերեվարված հայերին ազատ կարձակեն։
Երկիր մոլորակը միանշանակորեն վրեժխնդիր կլինի իր նկատմամբ նման դավաճանական վերաբերմունքի համար, կլիմայի փոփոխության պատճառով ժամանակին նույնիսկ դինոզավրերն են վերացել, բայց հիմա, մարդկության ակտիվ և անփույթ վերաբերմունքի պատճառով, մեր մոլորակի ողջ կյանքն է վտանգի տակ:
Հետաքրքիր է, արդյո՞ք այդ գագաթնաժողովում որևէ մեկը համարձակություն կունենա Ալիևին հարցնելու, թե ո՞ւր են անհետացել Ղարաբաղի հայերը: Նույնիսկ պաշտոնական Հայաստանը հիմա չի տալիս այդ հարցը, դա խանգարում է խաղաղ հարաբերությունների հաստատմանը: Բայց արցախահայերը, կարծես դեռ ողջ են, չնայած որոշները նրանց արդեն թաղել են...
Այո, կան առանձին կազմակերպություններ, որոնք ճանաչում են Արցախի հայերի էթնիկ զտումների փաստագրված փաստը, Freedom House-ը և մի քանի այլ կազմակերպություններ, սակայն այդ փաստը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի կողմից և, համապատասխանաբար, ռազմական հանցագործությունների համար Ալիևի ձերբակալման օրդեր արձակի։
Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ՄԱԿ-ի համար փողը, որից Բաքվի նավթի սուր հոտն է գալիս՝ հոտ չունի։ Պարոնայք, ինչո՞ւ եք այդքան կորցրել հոտառությունը, կամ միգուցե՞ կորոնավիրուս ունեք։ Շտապեք Covid-ի թեստավորում անցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը