Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
iz.ru-ն «Երդվյալ հարևաններ. ինչպե՞ս է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, թե երկրի կառավարությունն այլևս առաջնահերթություն չի համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նրա խոսքով, այդ որոշումը կօգնի բարելավել հարաբերությունները Անկարայի հետ և հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը։ Ընդդիմությունն իր հերթին Փաշինյանի թիմին մեղադրում է պետական շահերը զիջելու և ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ: Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Երևանն ամբողջությամբ չի հրաժարվի ցեղասպանության մասին իր պատկերացումներից։
«Արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ հարցը օրակարգից հանված չէ, այն ուղղակի դադարել է առաջնահերթ լինել, սա, ի վերջո, կարևոր է նշել։ Պետք է խոստովանել, որ հիմա Հայաստանի առջև ծառացած են էքզիստենցիալ բնույթի բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում՝ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, և նման պայմաններում Ցեղասպանության թեման օբյեկտիվորեն հետին պլան է մղվել»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են բարդ մնալ: «Թուրքական կողմի հռետորաբանությունը վերջին շրջանում դարձել է ավելի բարեկամական և պակաս կոշտ։ Բայց, միևնույն ժամանակ, իրական քայլեր գրեթե չենք տեսնում։ Եվ դա միանգամայն հասկանալի է: Նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է, որ Թուրքիան չի համագործակցի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լուծել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումից հետո Անկարան որոշ կետերի շուրջ երկխոսության չի գնա, որոշ հարցեր կմնան փակ, որպեսզի շարունակվեն ճնշումները Երևանի վրա»,- պնդել է նա։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ iz. ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կառավարությունը գործում է արևմտյան երկրների ճնշման ներքո, որոնք փորձում են զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում։
«Եթե Երևանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ հավակնություններից, ապա կարող է բացել սահմանը և ներառել Հայաստանն իր ազդեցության գոտում։ Տվյալ դեպքում կորչում է Գյումրիում ռուսական բազա ու ռուս սահմանապահներ ունենալու իմաստը։ Արդյունքում Փաշինյանն ու իր թիմը կկարողանան պահանջել ռուսական ուժերի դուրսբերում։ Մեծ հարց է այն, թե դրանից հետո իրավիճակը ինչպե՞ս կզարգանա։ Մենք տեսնում ենք Անկարայի ապօրինի գործողությունները Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում, և հեշտ է ենթադրել, որ անպաշտպան Հայաստանը ևս կարող է ագրեսիայի զոհ դառնալ»,- կարծիք է հայտնել նա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում