Ամբողջ աշխարհում վաճառվող շշալցված ջրի մոտ 60 %-ը սովորական ծորակի ջուր է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲալթյան երկրներում և Հյուսիսային Եվրոպայում անցկացվող Impact Day կայուն զարգացման ամենամեծ փառատոնում, Tallinna Vesi-ը խմելու ջրի կույր թեստ է անցկացրել, որն անսպասելի արդյունքներ է ցույց տվել. հարյուրավոր մասնակիցների գրեթե մեկ երրորդը չի կարողացել տարբերել ծորակի ջուրը շշալցված ջրից, գրում է err.ee-ն: Երեք օրվա ընթացքում ավելի քան 630 մասնակիցներ հնարավորություն են ունեցել ստուգել իրենց ճաշակը՝ փորձելով պարզել տարբերությունները ծորակի և շշալցված ջրի միջև: Հարցվածների 68,7 %-ը կարողացել է ճանաչել ծորակի ջուրը։ Ծորակի ջուրը փորձարկողներն այն նկարագրել են որպես ավելի թարմ, ավելի հարուստ հանքանյութերով, առանց պլաստիկի համի և ավելի լավը ծարավը հագեցնելու համար:
Կույր թեստի նպատակն էր ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում վաճառվող շշալցված ջրի մեծ մասն իրականում ծորակի ջուր է, որը մարդիկ գնում են թանկ գնով, ինչը հանգեցնում է շշալցման հետևանքով առաջացած ռեսուրսների անհարկի վատնմանը: Չնայած շշալցված ջուրը հիմնականում Եվրոպայում վաճառվում է աղբյուրի կամ հանքային ջրի անվան տակ, բայց Euromonitor International-ի տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում վաճառվող շշալցված ջրի մոտ 60 %-ը սովորական ծորակի ջուր է:
Tallinna Vesi-ի բնապահպանական ծառայության ղեկավար Մարիս Պևերն ընդգծել է, որ ծորակի ջրի հիմնական առավելություններն են նրա ցածր արժեքը, բարձր որակը և շրջակա միջավայրի վրա չազդելը: Եթե, օրինակ շշալցված ջրի արժեքը Էստոնիայում կազմում է մոտ 1,08 եվրո մեկ լիտրի համար, ապա սովորական սպառողի համար ծորակի ջուրն արժե 2,24 եվրո մեկ խորանարդ մետրի համար, այսինքն՝ 2,24 եվրոյով կարելի է հազար շիշ լցնել։
Բացի այդ, շշալցված ջրի արտադրությունը զգալի բնապահպանական հետք է թողնում: Ըստ Natural Society-ի, մեկ 0,5 լիտրանոց պլաստիկ շշի արտադրությունը պահանջում է նույն քանակությամբ էներգիա, որքան 1000 լիտր ծորակի ջուր արտադրելը: Food Print-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեկ պլաստիկ շիշ պատրաստելու համար պահանջվում է մոտ 5,3 լիտր ջուր, ինչը շշալցված ջրի արտադրությունը դարձնում է ծայրահեղ վատնում: Շշալցված ջրի արժեքի մոտ 90 %-ը կապված է պլաստիկ շշի արտադրության, տեղափոխման և գովազդի, այլ ոչ թե ջրի որակի ապահովման հետ: «Ամեն անգամ, երբ դուք գնում եք շշալցված ջուր, դուք հիմնականում վճարում եք շշի արտադրության և տեղափոխման համար», - ավելացրել է Փևերը: Ահա թե ինչու ջուր խմելն անմիջապես ծորակից կամ բազմակի օգտագործման շշերից ամենաարդյունավետ միջոցներից մեկն է նվազեցնելու ձեր ամենօրյա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Չնայած դրան, շշալցված ջրի շուկան շարունակում է աճել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը