Երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե' անվտանգության ու խաղաղության ապահովման գործում. ԱԺ նախագահ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։
«Սիրելի երիտասարդներ և ուսանողներ,
շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ:
Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետև երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե' անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե' հասարակական հարթակներում և թե' քաղաքական գործընթացներում:
Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում և, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարևոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ և հաճախ նաև կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում և գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:
Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ և ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ և շարունակական հաղթանակներ»,-ասված է ուղերձում։