Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։ Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։
Ինքը՝ Քոչարյանը կտրականապես հերքում էր տարածված տեղեկությունները, բայց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա, որը դեռ քննության առիթ է լինելու։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ներկլանային, թայֆայական պայքարում նրա ակտիվացումն անհանգստացնում է մյուս կլաններին, ակնհայտ է շատ վաղուց։ Մյուս կլաններն էլ ձեռքները ծալած չեն նստել, ակտիվ աշխատում են նրա դեմ։ Պարզ է, որ այդ դժգոհությունները պայմանավորված են ներկլանային խիստ պայքարով, փող և ազդեցության գոտիներ կիսելու՝ Անդրանիկ Քոչարյանի պահանջով։
Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի դեմ կուսակցությունում զանգվածային դժգոհությունների համար որպես տրիգեր է հանդես եկել այն տեղեկությունը, որը հասել է Նիկոլ Փաշինյանին, թե Քոչարյանը կուսակցության հետ չհամաձայնեցրած հանդիպումներ է սկսել ունենալ արևմտյան որոշ շրջանակների, դեսպանների, փոխդեսպանների հետ, բանակցություններ է վարում, կարծիքների փոխանակում է անում, որոնց մասին իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ Փաշինյանը բավական զգայուն է դրսի հետ շփումների մասով։
Խնդիրն այն է, որ ՔՊ-ում ավելի շատ են սկսում զգացվել Քոչարյանի ամբիցիաները, իսկ նա իր ծառայություններն է առաջարկում արևմտյան որոշ շրջանակների, որպեսզի խաղադրույք դնեն իր վրա, եթե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարց առաջանա։
Ի դեպ, արդարադատության նախարարի հարցն էլ, որ երեկ ՔՊ վարչությունը քննարկեց և որոշեց առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին, ևս կապ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մեր տեղեկություններով, ի սկզբանե Փաշինյանը հակված է եղել այդ պաշտոնում առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս Գալյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի հետ միասին մասնակցել է թեկնածուների ստուգատեսին, գրեթե վստահ լինելով, որ հենց ինքն է առաջադրվելու։ Ջհանգիրյանին դեմ են քվեարկել՝ հիշատակելով նրա չափազանց ուժգին մտերմությունն Անդրանիկ Քոչարյանի հետ։
Հասմիկ Լևոնյան
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram