Վարդան Օսկանյանն արցախցիներից ավելին է պահանջում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը վերադարձել է արտերկրից, որտեղ տասնյակ հանդիպումներ են ունեցել եւ քննարկել արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը։ Վերջին օրերին հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պատգամավորների, կառավարության անդամների, փորձագետների հետ եւ հաշվետվություն ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ։
Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են մատնված։ «Ի՞նչ եք անում դուք»,- ուղիղ հարց է տվել Օսկանյանը՝ նկատելով, որ հաշված մարդիկ են բարձրաձայնում արցախցիների իրավունքների եւ հատկապես վերադարձի իրավունքի խնդիրը։
Ներկաներից շատերը նեղվել են, փոքր-ինչ հակադարձել, որ անտարբեր չեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ հասարակական-փորձագիտական շրջանակները պետք է ակտիվանան` մի կողմից զսպելով հայաստանյան իշխանությունների ադրբեջանական խոսույթը, մյուս կողմից՝ հենարան դառնան հանձնախմբի համար, որ իրենք դրսում կարողանան հղում անել արցախյան շրջանակներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում