Կոլափս է լինելու. տրանսպորտի վճարման համակարգը կարող է ցնցել պետական համակարգը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՔաղաքապետարանում բավական լուրջ գործընթացներ են գնում՝ կապված միասնական երթևեկության համակարգի հետ։ Այն, ինչ տեղի է ունենում մետրոյում, հերթերը, կուտակումները, անտեղյակությունը, թե ինչպես է պետք օգտվել համակարգից, մտահոգություն է առաջացրել, որ հունվարի 1-ին, երբ անցնեն ամբողջական նման համակարգի, ապա կոլափս է լինելու։ Իսկ դժգոհությունն ուղղվելու է դեպի քաղաքային իշխանություն։
Ըստ մասնագետների, խնդիրն այն է, որ «Թելսելլ» ընկերությունը, որը մշակում է տրանսպորտի վճարման համակարգը, ներկայացրել է մի ծրագիր, որն ի սկզբանե հնացած է։ Ողջ աշխարհում վաղուց պարզ սխեմայով են աշխատում, վճարային քարտեր, որոնցով էլ գումար են վճարում երթևեկության համար, այլ ոչ թե հավելվածներ ներբեռնելով, դրանցով օգտվելով, տոմսեր գնելով, QR կոդերով նույնականացնելով, ինչն այժմ կատարվում է Երևանի մետրոյում։
«Թելսելլ»-ի համակարգը լուրջ խնդիրներ է հարուցում, և անգամ քաղաքապետարանում սկսել են հարցեր տալ՝ երբ նոր ես ներդնում տրանսպորտային վճարային համակարգ, ինչո՞ւ ես հնացածը ներդնում։ Սա, իհարկե, խնդիրներ է հարուցում։ Նաև կասկածներ, թե ինչու են հանկարծ որոշել այս համակարգը ներդնել, չկա՞ն արդյոք կոռուպցիոն ռիսկեր:
Ի վերջո, տրանսպորտն առաջնային գործոններից է, որ ազդում է հանրության վրա, քաղաքապետարանում էլ հասկանում են, որ դժգոհությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ։
Տաթևիկ Սուքիասյան