Ի՞նչ է պատմում Սյունիքում 10 հոգու կողմից ծեծի ենթարկված 44-օրյա պատերազմի մասնակցի հայրը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄոտ 10 հոգով հարձակվել են տղաներիս վրա ու ծեծի ենթարկել: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասել է երկու օր առաջ` հոկտեմբերի 10-ին, Սյունիքի մարզում ծեծի ենթարկված տղաների հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։
Ընտանիքի հայրը պատմել է, որ իր տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում։ Դեպքն էլ պատահել է աշխատանքի ժամանակ։
«Տղաներս բեռը բարձել են, տարել ու դատարկել են, մեծ տղաս 2 րոպե առաջ է եղել փոքր տղայիցս։ Հետ գալիս մեծ որդուս կանգնեցրել են: Հետո այդքանով հարձակվել են տղայիս վրա ու սկսել են խփել : Բժիշկն ասում է, որ դա ձեռքի խփած չի, բութ գործիքի խփած է, դրա պատճառով էլ ողնուղեղը ջարդվել է։ Արդեն 2-րդ օրն է, որ ոչ մի առաջխաղացում չկա: Նույն վիճակում է տղաս, դեպի հետ է գնում: Ավելին` գիտակցության չի գալիս, արհեսատական շնչառությունը միացրած, անշարժ պառկած է»,- պատմել է տուժածի հայրն ու հավելել` բժիշկներն ասում են, որ, եթե անգամ կյանքը փրկվի, ապա տղան անդամալույծ է լինելու, ոչ ոտքերն է աշխատելու, ոչ էլ ձեռքերը։
«Ես դրան էլ եմ համաձայն, բայց հույս չեն տալիս, մի գրամ հույս չկա․․․»,- ասել է տղամարդը:
Նրա խոսքով՝ որդին, որ 2 երեխաների հայր է, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է: Իր սեփական մեքենայով կամավոր մեկնել է ռազմաճակատ, զինամթերք է կրել ու անփորձանք վերադարձել է տուն։ Հիմա մի քանիսի պատճառով տղան կյանքի ու մահու կռիվ է տալիս:
«Հասկացանք՝ վիճել են, բայց կարելի՞ է 10 հոգի մարդ բերել 1 հոգու վրա»,- հարց է բարձրաձայնել ընտանիքի հայրը: