Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանության կողմից պարզվել է, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների, «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ աշխատակիցները:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: