«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր իրենց պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները։
Հիշեցնենք, նախօրեին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից կրեմլյան լրատվամիջոցի պատրաստած ֆոտոռեպորտաժը մեծ աղմուկ էր բարձրացրել հայկական համացանցային և իշխանական շրջանակներում, քանի որ գործակալության ֆոտոլրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր երկրի ղեկավարների պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ և անտեղի երկու լուսանկար։ Դրանցից մեկում Նիկոլ Փաշինյանը խոնարհված էր Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուսում Իլհամ Ալիևի հայացքի ներքո ուղղում էր տաբատը։
Ռեպորտաժում կային ԱՊՀ ղեկավարների շուրջ 200 լուսանկար, բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն միայն Նիկոլ Փաշինյանից էին ներառվել նման անհարմար կադրեր։
Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել էր լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։
«Կրեմլի լրագրողները և մամուլի քարտուղար Պեսկովը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարները հրապարակվել երկու չափազանց անպարկեշտ տեսանկյուններից։ Ինչո՞վ են առաջնորդվել նրանք այս կադրերը ստեղծելիս կամ հրապարակելիս»,- ասված էր գրառման մեջ։
Այսօր պարզ դարձավ, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալության խմբագրակազմը ֆոտոռեպորտաժից հեռացրել է Փաշինյանի անհաջող լուսանկարները։ Նախօրեի 191 լուսանկարի փոխարեն՝ այսօր կարելի է գտնել 189 լուսանկար։ Ի դեպ, թեև Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն ամենաաղմկահարույցն էին, սակայն իրենց բնույթով միակը չէին, ֆոտոռեպորտաժում կարելի է Փաշինյանի մասնակցությամբ բազմաթիվ անհաջող լուսանկարներ գտնել։ ՌԴ պետական գործակալության նման գործելաոճը Փաշինյանի նկատմամբ բարդ է վերագրել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի պակասին կամ պարզապես պատահականությանը, քանի որ ֆոտոռեպորտաժն ուսումնասիրելիս կարելի է հասկանալ, որ ֆոտոլրագրողը պրոֆեսիոնալ է և ճիշտ կադրեր, զգացմունքներ ու պահեր է ֆիքսել։
Ի դեպ, առհասարակ որևէ պաշտոնյա նման այցերի ընթացքում առաջին հերթին ինքը պետք է հասկանա՝ ում դրոշի մոտ ինչ է անում, տաբատը որտեղ է ուղղում, քիթը որտեղ է քչփորում… Առավել ևս, երբ այդ պաշտոնյան նախկինում լրագրող է աշխատել: