Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չնայած Լիբանանում ռազմական գործողության մեկնարկին, ուժի մեջ է թողել Նյու Յորք ուղևորվելու իր պլանները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա գտնվելու համար, սակայն մեկ օրով հետաձգել է մեկնումը։ Այս մասին հաղորդել է նրա գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար կուղևորվի վաղը՝ հինգշաբթի օրը (խմբ.` սեպտեմբերի 26-ին), և կվերադառնա շաբաթ օրը (խմբ.` սեպտեմբերի 28-ի) երեկոյան: Օրվա ընթացքում վարչապետը խորհրդակցություններ կանցկացնի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գրոհները Լիբանանի վրա», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» անվանմամբ «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Գործողության շրջանակներում իսրայելական զորքերը հարվածներ են հասցնում «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքին՝ նշելով, որ իրենց նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ տասնյակ հազարավոր տեղաբնակները, որոնք տարհանվել են 2023 թ. հոկտեմբերի 8-ից «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացվող մշտական գնդակոծությունների պատճառով։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։