Չինաստանի և ՀՀ-ի միջև առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում երկրների միջև բարեկամական հարաբերություններում. ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ չինական կողմը ոգևորությամբ է դիմավորում Չինաստանի Հարավային Ավիաուղիների առաջին չվերթը Ուրումչիից Երևան։ Այսօր ավելի ուշ նաև տեղի կունենա Երևանից դեպի Ուրումչի իրականացվող չվերթը:
«Սա Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, որը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»: Չնայած Չինաստանն ու Հայաստանը իրարից շատ հեռու են գտնվում, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի և շարունակում է զարգանալ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում չին-հայկական կապերը պահպանում են առողջ և կայուն զարգացում:
Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճում է: Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն Է Անդրկովկասում և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից առաջին երկրներից մեկը»,- նշեց Չեն Մինը:
Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 40%-ով: Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 110 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Վերջին տարիներին երկու երկրներն իրականացրել են փոխադարձ ազատ վիզային մուտքի քաղաքականություն։
«Այսօր ուղիղ օդային հաղորդակցության բացումը ստեղծում է «օդային կամուրջ», որը կապում է երկու մայրցամաքները՝ բացելով մարդկանց փոխանակման և տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ: Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը Չինաստանի բաց քաղաքականության բարձր մակարդակի պրակտիկա է և ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունը՝ խորացնելու իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները: Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միանալ Չինաստանի սրընթաց զարգացմանը և կիսել այդ զարգացման պտուղները»,- ասաց Չեն Մինը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։