Դարանակալած սպասել են, ծառի տակ հայտնաբերվել է դանակը․ 32-ամյա երիտասարդի են կյանքից զրկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024 թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ գետնին ու ավտոտնակի դարպասներին հայտնաբերվել են արնանման հետքեր, գետնին՝ սև գույնի գլխարկ և այլ իրեր, ինչպես նաև՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա՝ ծառի տակ՝ խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Անմիջապես սկսվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ, ինչի նպատակով նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ վերջինս, վրեժի շարժառիթով Մ.Հարությունյանին սպանելու դիտավորությամբ, 2024 թ. օգոստոսի 29-ի երեկոյան ժամերից գտնվել է վերջինիս բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել նրան:
Ժամը 23:50-ի սահմաններում Մ.Հարությունյանն իրեն պատկանող «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր: 29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով, առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։
Արդյունքում՝ Մ.Հարությունյանի առողջությանը պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, պարանոցի կտրած վերքի, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: