Ո՞վ կսպասեր, որ որևէ հայ մարդու համար կարող է առանց վիզայի Եվրոպա մեկնելն ավելի կարեւոր լինել, քան, ասենք, Արցախի Հանրապետությունը․ Արմինե Օհանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
Ո՞վ կսպասեր, որ որեւէ հայ մարդու համար կարող է առանց վիզայի Եվրոպա մեկնելն ավելի կարեւոր լինել, քան, ասենք, Արցախի Հանրապետությունը: Կամ՝ 30 տարի կառուցված, շենացված, բարեկարգված ճանապարհները, քաղաքները, դպրոցները, մշակութային հաստատությունները, բնական հարստությունները, արոտավայրերը... կարող են մի ակնթարթում հանձնվել թշնամուն, եւ նա հանգիստ կարող է ասել. «Դե, Գուգլ մապով Ադրբեջանինն է` պետք է հանձնեին»: Ինչպե՜ս կարող էր իր ընտանիքը, զավակներին պաշտող, օջախ սիրող, փորձանքի մեջ ընկածին կարեկցող, հյուրասեր ու ընկերասեր հայն իր արցախցի հայրենակիցներին համարել օտար, ոչ միայն չկարեկցել ու ձեռք չմեկնել, այլեւ հայհոյել ու ատել:
Իհարկե, բոլոր հայերը չեն այդպիսին, բայց անգամ եթե մեկ այդպիսի հայ կա, ես հրաժարվում եմ դա հասկանալուց: Ինչպես հրաժարվում եմ հասկանալ իշխանության մեջ գտնվողներին, որոնք ծածուկ կամ բացահայտ կերպով նման քարոզչություն են տանում, խրախուսում, հրահրում այդ նողկալի վարքագիծը: Այն իշխանությանը, որը մի կողմից ատելություն է տարածում մեր հայրենակիցների հանդեպ, մյուս կողմից, հանդուրժողականություն քարոզում` թշնամու հանդեպ: Մի կողմից, համայն հայության հայրենիքն է մաս-մաս հանձնում թշնամուն, մյուս կողմից՝ նորանոր զիջումների համար հող նախապատրաստում` անբարո քարոզչությամբ, մարդկանց ուղեղները լվանալով, ազգային մտածողությունը հայ հասարակությունից արմատախիլ անելով: