Ինչո՞ւ են խաբեբաները զանգում հեռախոսով և լռում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամանակակից խարդախությունների սխեմաները գնալով ավելի բարդ և բազմաքայլ են դառնում և էլ ավելի դժվարացնում դրանց հայտնաբերումն ու կանխարգելումը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վալերի Ստեպանովը խոսել է մի քանի մեթոդների մասին, որոնք խաբեբաներն օգտագործում են քաղաքացիներին խաբելու համար, գրում է prufy.ru-ն:
Այդպիսի մեթոդներից է այսպես կոչված «լուռ զանգերի» օգտագործումը։ Դա մի իրավիճակ է, երբ բաժանորդը վերցնում է հեռախոսը, բայց գծի մյուս կողմից պատասխան չկա։ Նման զանգերը ծառայում են մի քանի նպատակների: Նախ, դրանք թույլ են տալիս խաբեբաներին ստուգել, որ իրենց տվյալների բազայի այդ համարներն ակտիվ են: Եթե անձը պատասխանում է զանգին, ապա նրա համարը գրանցվում է խարդախության սխեմաներում ապագա օգտագործման համար: Այդ կերպ հարձակվողները ստեղծում են ակտիվ համարների ցուցակներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել ավելի նպատակային հարձակումների համար։
Երկրորդն այն է, որ նման զանգերը կարող են օգտագործվել պոտենցիալ զոհի ձայնը ձայնագրելու համար։ Արհեստական ինտելեկտի ժամանակակից տեխնոլոգիաները խարդախներին թույլ են տալիս ձայնագրված արտահայտությունների հիման վրա ստեղծել մարդու ձայնի ճշգրիտ իմիտացիա: Դա թույլ է տալիս հարձակվողներին ստեղծել համոզիչ կեղծ ձայներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր խարդախ սխեմաների մեջ, օրինակ անձնական տեղեկատվության կամ ֆոնդերի հասանելիություն ձեռք բերելու համար:
Բացի այդ, կան սխեմաներ, որոնցում հարձակվողները միտումնավոր ընդհատում են հաղորդակցությունն այն բանից հետո, երբ բաժանորդը պատասխանում է զանգին: Դա արվում է տուժածին հետզանգի մղելու նպատակով: Որոշ դեպքերում խաբեբաները կարող են գումար գանձել հենց զանգելու փաստի համար կամ կեղծ ծառայություններ առաջարկել: Այդ մարտավարությունը կարող է օգտագործվել նաև ակտիվ համարները ստուգելու և այնուհետև դրանք կեղծ գործարքներում օգտագործելու համար:
Կարևոր է հասկանալ, որ խաբեության նման մեթոդները մշտապես կատարելագործվում են, և խարդախները նոր ուղիներ են փնտրում անվտանգության համակարգերն ու քաղաքացիների վստահությունը շրջանցելու համար։ Ուստի անհրաժեշտ է հատկապես զգույշ լինել և տեղյակ լինել հնարավոր սպառնալիքներից։ Մասնագետները խորհուրդ են տալիս չպատասխանել անհայտ համարներին, չկատարել հետզանգեր և զգույշ լինել հեռախոսով անձնական տվյալներ տրամադրելիս։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը