Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են տեղեկատվություն փոխանցել միմյանց․ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը թեկուզ քիչ ծավալով, բայց փոխանակում են ինֆորմացիա, կապը գերատեսչությունների միջև պահպանվում է, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Մեր հետախուզական ծառայությունների՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական ներկայացուցիչներ աշխատում են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում։ Թեկուզ փոքր ծավալով, այնուհանդերձ, տեղեկատվության փոխանակում տեղի է ունենում։ Նման շփում կա և պահպանվում է։ Եվ դա լավ է»,- ասել է Նարիշկինը։
Ի դեպ, նշենք, որ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Վիլյամ Բըրնսի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Անկարայում։ 2022 թվականի նոյեմբերի 14-ին նրանք հանդիպել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կենտրոնակայանում։ Դրանից հետո էլ՝ 2023 թվականին, հեռախոսազրույց են անցկացրել։