Մենք մեր աշխատանքով պիտի ապացուցենք, որ երիտասարդների ներուժն անսպառ է և որ իրականում մենք ենք տերը մեր երկրի. «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը շնորհավորական ուղերձ է տարածել երիտասարդության միջազգային օրվա առթիվ․
«Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ստեղծվեց շատ բարդ ժամանակաշրջանում, երբ մենք կորցրինք Արցախը, բազմաթիվ երիտասարդներ, զրկվեցին իրենց պատմական հայրենիքում ապրելու և արարելու, իրենց վառ նվիրական երազանքները հայրենի հողում իրականացնելու հնարավորությունից։ Մենք՝ երիտասարդներս, սակայն, հաստատակամ ենք՝ աշխատելու ի նպաստ մեր հայրենիքի, և հավատարիմ ենք մեր երազանքին, որն է՝ օրերից մի օր Արցախի հողում մեր ձեռքբերումները ներկայացնելը։
Արցախի և Հայաստանի հարյուրավոր երիտասարդներ այսօր համախմբված են մեր միության շարքերում։ Ամեն ինչ սկսվեց Ծաղկաձորյան «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումից, հետո որոշվեց նոր գաղափարների, նոր ծրագրերի համար ձևավորել ավելի ընդգրկուն «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միությունը, որն իր տանիքի տակ է առել հարյուրավոր երիտասարդների։ Հիմա մենք միասնաբար որոնում, գտնում ու կյանքի ենք կոչում տարբեր ծրագրեր ու նախագծեր. կյանքն առաջ է շարժվում, և մենք, որպես ապագայի կերտողներ, բարոյական իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու։ Մայր հայրենիքի ամեն մի սանտիմետրը անասելի թանկ է մեզ համար, մենք այստեղ ենք ապրելու, այստեղ ենք օգտագործելու մեր գիտելիքներն ու ստեղծարար ներուժը, սա է մեր տունը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս մեր տոնի առթիվ՝ ուզում ենք «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անունից վերահաստատել, որ մեր դռները բաց են հայրենասեր, նպատակասլաց ու արարելու ավյունով լի բոլոր երիտասարդների համար։ Մենք մեր աշխատանքով պիտի ապացուցենք, որ երիտասարդների ներուժն անսպառ է և որ իրականում մենք ենք տերը մեր երկրի»։