Բաքուն շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ազատություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», – «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ցանկացած վերադարձ դեպի ռեւանշիզմ կամ ապագայում Ադրբեջանի դեմ որևէ տարածքային պահանջատիրության, ինչի ականատես եղանք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղ բանակցությունները և պայմանագրի վերջնական ստորագրումը դիտարկում է որպես ժամանակ ձգձգելու մարտավարություն՝ իր ռազմական ներուժն ուժեղացնելու և այս պատմությունը նորովի սկսելու համար»,- ասել է նա։
Հարցազրույցից օրեր առաջ Ամիրբեկովը մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ, որը վերջին ամիսներին բազմիցս հորդորել է կողմերին վերջնական համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած ամերիկյան կողմի կոչերին, ինչպես նաև վերջին դեմ առ դեմ հանդիպմանը, Բաքուն անդրդվելի է մնացել։
«Կա լայնորեն տարածված կարծիք, որ կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղության բանակցությունները և, հնարավոր է, նոյեմբերին ստորագրվի պայմանագրի նախագիծը որպես COP 29-ի մաս: Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա առանց հաշվի առնելու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ավելին, կարծում եմ, սա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ եթե համաձայնագրի նախագիծը հապճեպ ստորագրվի, եթե իրավական խոչընդոտները մնան, ապա դրանք կարող են թույլ տալ Հայաստանին վերակենդանացնել իր տարածքային պահանջները ապագայում, երբ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է Ամիրբեկովը։