Շղթայական վթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 17-ին՝ ժամը 11։55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են Volkswagen (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1996 թ․), Ford (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1957 թ․) և Opel (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։